Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ապտակ իշխանություններին

Ապտակ իշխանություններին
08.11.2016 | 17:03

Այսօր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտարարել է, որ 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ` բնակչության մշտական թվաքանակը երկրում արձանագրվել է 2 միլիոն 293 900, ինչը անցած տարվա հոկտեմբերի 1-ի համեմատությամբ նվազել է 101000 մարդով, իսկ հունվարի 1-ի համեմատությամբ նվազել է 4700-ով: Ինը ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9,4 հազար, իսկ միգրացիայի գնահատման ցուցանիշը կազմել է 14 հազար 100: Այս ցուցանիշները լավագույն ապացույցն են երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավապահ համակարգի անմխիթար իրավիճակի։ Սա նաև հստակ գնահատական, ավելի ստույգ, ապտակն է գործող իշխանության վարած անպտուղ քաղաքականության։ Այսքանից հետո այս իշխանությունները դեռ համարձակվում են առաջիկա ընտրություններում վստահության քվե՞ խնդրել։ Ի դեպ, սա ընդամենը պաշտոնական տվյալներ են, որոնք, բնականաբար, բավականին հեռու են իրական տվյալներից։

Ամեն ընտրությունից առաջ գործողները փոփոխությունների իմիտացիա են անում, որ ինչ-որ ձևով «շահեն» ժողովրդի սիրտը, սակայն, ի վերջո, կրկին աշխատում է նախկին մեթոդը՝ «կաշառքը»։ Իսկ ընտրողը կրկին շա՜տ թանկ է վճարում հինգ հազար դրամով վաճառած ձայնի դիմաց։ Այո, ընտրողի գիտակցությունը պետք է փոխվի, որ պետք չէ իր ապագան վաճառել երկու օրվա հացի գումարի համար, բայց այս ամենում ամենամեծ մեղավորն էլի իշխանությունն է, որ ժողովրդին հասցրել է այն ծայրահեղ ծանր վիճակին, ում համար հինգ կամ տասը հազար դրամն ավելի է կարևորվում։ Մարդկանց հույսը, հավատը զրոյացրել են ու այս «խելքով» էլի՞ են ուզում իշխանության մնալ ու առաջիկայում ևս մեկ միլիոնո՞վ դատարկել երկիրը։ Դժվար է պատկերացնել, թե նույնիսկ պաշտոնական ահազանգող այս թվերից ավելի էլ ինչ պետք է սթափեցնող լինի իշխանության համար։ Իսկ որ իրենք իրական տվյալներին ևս տիրապետում են, կասկածից վեր է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ